Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Սեբաստացու օրերի շրջանակում  կրթահամալիր էր այցելել հայտնի քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը։ Նա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պատանիներին ներկայացրեց «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմություն» գիրքը։

Պարոն Գալչյանը իր դասախոսությունը սկսեց Բրիտանական թանգարանում պահվող Ք․ա․ 6-րդ դարում ստեղծված աշխարհի հնագույն աշխարհացույց քարտեզի՝ Բաբելոնյան կավե սալիկի ներկայացմամբ, որն իր բնութագրմամբ հայերի «ծննդյան վկայականն» է, որի վրա գրված է Հայաստանի, Ասորեստանի ու Բաբելոնի անվանումները։

Այնուհետև նա անդրադարձավ այժմ Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող, բարձր ժայռի վրա Ք․ա․ 521-520 թթ․ Աքեմենյան Պարսկակստանի թագավոր Դարեհ 1-ի հրամանով փորագրված եռալեզու Բեհիսթունյան արձանագրությանը, որում նույնպես մի քանի անգամ հիշատակվում է Հայասատնի անվանումը՝ ԱՐՄԻՆԱ, ՀԱՐՄԻՆՈՒՅԱ և ՈւՐԱՐՏՈւ ձևերով։

Այսպիսով, Ռուբեն Գալչյանը, սկսելով հնագույն քարտեզներում Հայաստան անվան առաջին հիշատակություններից, դարերի հերթականությամբ մանրամասն ներկայացրեց հին աշխահի, միջնադարի և նոր դարերի այն քարտեզները, որում հիշատակվում է Հայաստան երկիրը։ Նա անդրադարձավ նաև ժամանակակից քարտեզագրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման կնճռոտ հարցերին։

Պարոն Գալչյանը, խոսելով քարտեզագիտության մասին, սովորողներին ներկայացրեց նաև Ատրպատական-Ադարբայգան-Ազարբայջան-Ադրբեջան երկրանվան ծագման ու պատմության մասին, բացատրեց թե ինչու են Կովկասյան թաթար-թուրքերը միայն 1918 թ․ մայիսի 27-ին Բաքվի ու Շիրվանի շրջանների վրա դրել Ադրբեջան տեղանունը, որը մինչև այդ թվականը երբևիցէ այդ անվանումը չի ունեցել։ Նա համաշխարհային քարտեզագիտական փաստերով ապացուցեց, որ իրական Ազարբայջան-Ատրպատականը մշտապես գտնվել և այժմ էլ գտնվում է Իրանում։

Դասախոսության վերջում Ռուբեն Գալչյանը պատասխանեց ներկաների բոլոր հարցերին և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու և հետաքրքիր քննարկմանը մասնակցելու համար։

Հանդիպում քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ: Один комментарий

Оставьте комментарий