Մասնակցություն «ԱՊՐԻ ֆորումին»

2023 թ․ հոկտեմբերի 25-27 -ին Արմենիա Մարիոտ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ԱՊՐԻ ֆորում, որը  Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի տարեկան հավաքն էր։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից այդ ֆորումին մասնակցում էի ես՝ Լևոն Միրզոյանս, և իմ գործընկեր Հրայր Խաչատրյանը։ ԱՊՐԻ ֆորում «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրի ներքո մեկ հարկի տակ էր միավորել քաղաքականություն մշակողներին, գիտնականներին և քաղաքացիական հասարակության և բիզնես առաջնորդներին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին առկա ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև Հայաստանի կայունությունն ու կայուն զարգացումը խթանելու ուղիները: Ծրագիրը ներառում էր փորձագիտական քննարկումներ մի շարք թեմաների շուրջ և առանձին համապարփակ քննարկումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Առաջին աշխատանքային օրը սկսվեց «Բացման խոսքով ու բաց քննարկմամբ», որը վարում էր ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը, ով իր խոսքը սկսեց հետևյալ մտքերի բարձրաձայնմամբ․ « Ես գիտեմ, որ բոլորս էլ ուզում ենք կառուցել զարգացող, աճող ու բարգավաճ երկիր, բայց գիտեմ նաև, որ մենք հոգնել ենք, ուրեմն դադար առնելու, խորհրդածելու, շունչ քաշելու ժամանակն է։ Եվ ԱՊՐԻ  ֆորումն էլ համարենք հենց այդ ժամանակը»։

Այնուհետև սկսվեց «Մարդու իրավունքների ամրապնդումը որպես տարածաշրջանային կայունության հենասյուն» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա իր խոսքը սկսեց Արցախից մեր հայրենակիցների տեղափոխման, նրանց ՀՀ-ում տեղավորման, իրավունքների ապահովման, ադրբեջանցիների կողմից նրանց նկատմամբ խոշտանգումների դեպքերի բացահայտման ու բարձրաձայնման մասին անդրադառնալով։ ՀՀ ՄԻՊ-ը անհանգստություն հայտնեց, որ հնարավոր է Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված և Մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված աշխարհակարգը փլուզվի։

Կարևոր և արժեքավոր քննարկում եղավ նաև Հնդկաստանի ուղեղային կենտրոններից մեկ ղեկավար Սանջոյ Ջոշիի հետ։ Մի քանի մեջբերում անեմ նրա մտքերից։

  • Այս գլոբալ աշխարհը չի կարող երկար ընթացք ունենալ, քանի որ դեղերն ու ֆինանսական միջոցները վերածվել են զենքի։
  • Քաղաքակրթական խզվածք է առաջացել, և գլոբալիզացիան հանգեցնում է դիպոլյառ /երկբևեռ/ տրամադրությունների աճի։
  • Բազմաբևեռ աշխարհը կարիք ունի բազմաբևեռ լուծումների, ոչ թե սև ու սպիտակ լուծումների։
  • Հայաստանը գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկներում և Հայաստանը մշտապես եղել է գլոբալիզացիայ առաջատար, դրանով հանդերձ նաև մեծ վնասներ է կրել, բայց հաղթահարել է բոլոր զավթումները՝ պահպանելով իր ավանդական, մշակութային ու քաղաքակրթական ինքնուրույնությունը։
  • Անորոշության ժամանակներում աշխարհը չի կարելի ճանաչել սև ու սպիտակի տիրույթում։ Պետք չի կորցնել մյուս գույների ընկալումը։
  • Հայաստանն ինքն իրեն դիտարկում է «որպես կամուրջներ կառուցողի դերում»։
  • Հայաստանը մարդկային ներհատուկ մեծ ռեսուրս ունի, հատկապես Սփյուռքի առումով։

Շատ կարևոր ու հետաքրքիր քննարկում եղավ «Հաղորդակցության միջանցքներըՀարավային Կովկասում » թեմայով։  Մի քանի կարևորագույն մտքերի մեջբերումներ կատարեմ, որոնք արտահայտեցին բանախոսները քննարկման ընթացքում։

Գրիսթին Առաքելյանը հատկապես կարևորում էր բիզնեսի դիտանկյունից հաղորդակցության միջանցքների  բացումը Հարավկովկասյան տարածաշրջանում։ Նա նշեց, որ Թուրքիան դուրս է մնացել ԵՄ-ից, ԲՐԻԿՍ-ից, և Թուրքիայում առաջացել է տնտեսական վակուում, և Թուրքիան դուրս է տնտեսական միջանցքներից։ Արևմուտքը աջակցում է Արևմուտք-Արևելք միջանցքի կառուցումը։

Բանախոսներից Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Ռուսաստանի համար շահութաբեր չէ Զանգեզուրի միջանցքի բացումը, քանզի Ռուսաստանի դերը տարածաշրջանում կթուլանա։ Ռուսաստանին ձեռնտու է Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը։ Նա նշեց նաև, որ Նախիջևանը Թուրքիայի հարավային դարպասն է դեպի Հարավային Կովկաս։

Արթուր Խաչիկյանը անդրադառնալով նոյեմբերի 9-ի համաձայնագրին, նշեց, որ Թուրքիան պահանջում է արտատարածքային միջանցք, իսկ Հայաստանն էլ ասում է, միջանցք չկա։ Նրա խոսքով, Էրդողանը Արևմուտքի աչքի առջև կառուցում է Նոր Օսմանյան կայսրություն։

Բազմաթիվ այլ հետաքրիր քննարկումներ եղան Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Բոլոր բանախոսների խոսքերի մեջ կարմիր թելի պես ձգվում մէր այն կարևոր համոզմունքը, որ Հայաստան պետությունը ինքը պետք է տնտեսապես հզորանա, պետական ինստիտուտները պետք է ավելի ամրապնդվեն, բանակաշինությունը պետք է նոր թափ հավաքի, նոր անվտանգային դոկտրին մշակվի, կրթական համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն։

ԱՊՐԻ ֆորումի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» քննարկումներին  մասնակցությունը շատ կարևոր էր, հագեցած նոր գիտելիքների ձեռքբերումներով ու այն մտքի ամրապնդմամբ, որ նույնիսկ անորոշության պայմաններում պետք է առաջընթաց ապրել, զարգանալ ու հզորանալ։ Օգտվելով  առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ ԱՊՐԻ ֆորումի քննարկումներին մասնակցելու հնարավրություն ստեղծելու համար։

Оставьте комментарий