Հանդիպում պետական գործիչ Արամ Մանուկյանի հետ

Արամ Մանուկյանը ընթերցում է ՀՀ «Անկախության հռչակագիրը»

ՀՀ Անկախության 31-րդ տարեդարձի առիթով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանում հասարակագետ, պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանի անմիջական ղեկավարությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ՀՀ «Անկախության հռչակագիրը» Գերագույն Խորհրդում ընթերցած Արամ Մանուկյան պետական գործչի հետ։

Արամ Մանուկյանը իր խոսքը սկսեց հետևյալ մտքի շարադրմամբ,- «անկախությունը յուրաքանչյուր մարդուն ի ծնե, վերուստ տրված մեծագույն զգացողություն ու ձգտում է։ Աշխարհում եղել են ու կան բազմաթիվ էթնիկ խմբեր, ժողովուրդներ, որ չեն կարողացել վայելել անկախ պետականություն ունենալու բերկրանքն ու զգացողությունը, իրենց ուսերին կրելու այդ անկախության պատասխանատվության ծանրությունը»։ Շարունակելով իր խոսքը` Արամ Մանուկյանը խոսեց Խորհրդային Միությունից Հայաստանի անկախանալու գործընթացի կարեւորության ու անհրաժեշտության մասին։

Սովորողների այն հարցին, թե այժմ Հայաստանը պետք է պրոռուսական կողմնորոշում ունենա, թե` արեւմտյան, Արամ Մանուկյանը պատասխանեց,- «եթե հայոց պատմության հազարամյակների ընթացքը վերլուծենք, ապա մենք պատմականորեն գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ հաճախ հայ քաղաքական միտքը կանգնած է եղել արեւմուտք-արեւելք երկընտրանքի առջեւ։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի բարեկեցության, խաղաղության ու անվտանգության կարեւորագույն երաշխիքն էլ հենց Հայաստանի անկախությունն է»։ Պարոն Մանուկյանը իր խոսքերը հավելեց Վանո Սիրադեղյանի խոսքերով,- «մեզ, կարծում եմ, պակասում է այն գիտակցությունը, որ մեծ պետությունների, մեծ ժողովուրդների շահերի բախման ասպարեզում փոքր ժողովուրդները շահելու բան չունեն։ Փոքր ժողովուրդների շահն այն է, որ այդ մղձավանջից դուրս գան փոքր կորուստներով»։

Շարունակելով իր խոսքը` Արամ Մանուկյանը խոսեց մեր պետական անկախության առջեւ ի հայտ եկած խոշոր մարտահրավերների մասին, որոնք վտանգում են մեր անկախությունը` կասկածի տակ դնելով այն։ « Դուք հաճախ կարող եք լսել, որ մարդիկ բողոքում են` ասելով, որ անկախությունից ի վեր բոլոր կորուստների, ձախորդությունների, թուլության ու անկումների գլխավոր պատճառը ԽՍՀՄ-ից անկախանալու գործընթացն է։ Արդեն իսկ այս խոսակցությունները վկայում են, որ անկախության գաղափարը խեղճացել է ու նվաղել է»։

«Անկախության հռչակագիրը ընթերցելու պատիվը ինձ էր վստահվել, քանի որ կրում էի ( և կրում եմ) Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր պետական այրերից գլխավորի` Արամ Մանուկյանի անունը, ունեի խրոխտ ու ազդու գործ»։

Սովորողների այն հարցին, թե ինչպես կարող ենք մեր պետական անկախությունը պահպանենք, ամրապնդենք ու կայացենք, Արամ Մանուկյանը պատասխանեց, — «յուրաքանչյուրս մեր գործում պետք է հաջողենք, մեր աշխատանքում լինենք լավագույնը, լավ կրթություն ստանանք ու սիրենք մեր հայրենիքը։ Անկախության պահպանումն ու զարգացումը մեզանից յուրաքանչյուրիցս է կախված»։

Оставьте комментарий